22 փետրվարի 2024 - 18:52 AMT
Մարագոս. Արդեն որոշակի արդյունքներ ունենք ՀՀ-ԵՄ նոր օրակարգի ուղղությամբ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի՝ CEPA-ի նոր օրակարգի ուղղությամբ արդեն իսկ առկա են որոշակի արդյունքներ, մասնավորապես՝ անվտանգության ուղղությամբ գործակցության մասով։

Մարագոսն այդ մասին ասել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ, հայտնում է Aysor.am-ը։

«Հիմա մենք պլանավորում ենք միասնական հարթակի հաջորդ հանդիպումը՝ CEPA-ի ներքո՝ մարտի 14-ին։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր հանդիպում է, և մենք շատ գոհունակ կլինենք ողջունելու այստեղ Բրյուսելի մեր գործընկերներին, նրանք էլ մեծապես հետաքրքրված են այս նոր օրակարագի ձևակերպմանն իրենց մասնակցությունն ունենալ»,-ասել է նա։

Մարագոսը, խոսելով նոր օրակարգից, նշել է, որ այն մեծապես վերաբերում է CEPA համաձայնագրի ներուժը հետազոտելուն և օգտագործելուն։

«Կարևոր փաստաթուղթ է, որի իրականացման ճանապարհին ենք, բայց իրականում մենք կարող ենք միասնաբար ավելի լավ արդյունքներ ունենալ, ոչ որևէ այլ պատճառով, այլ որպեսզի կարողանանք հայ ժողովրդին և այստեղ բիզնեսին հնարավորություն տալ՝ ունենալու ավելի լավ կյանք, որը հիմնված է արժեքների և հարգանքի վրա, տարածքային ամբողջականության, ինքնավարության և տարածքային զարգացման նպատակների վրա։ Սա մեր միասնական նպատակն է և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասել է նա։

Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։ Նա այդ մասին ասել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի ժամանակ։

«Կարծում եմ, որ նրա ներկայությունը ողջունելի կլինի, այս մասին նա հայտնել է անցյալ շաբաթ՝ ԱԳՆ-ին»,-ասել է նա: