23 փետրվարի 2024 - 10:54 AMT
Վարչապետ․ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում ՀՀ դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։

Գերմանիայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից մի քանի օր անց, որը վերջինս որակել էր «կառուցողական», Փաշինյանը կարծում է, որ երկու երկրի միջև ճգնաժամի խաղաղ կարգավորման խոստումները հողի վրա հերքվում են Ադրբեջանի գործողություններով։

Փաշինյանը նշել է, որ Բաքուն ներկայիս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում։

Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին տրամադրվող ռազմական օգնությանը, ապա ՀՀ վարչապետը հերքել է Բաքվի այն մեղադրանքները, թե «Փարիզը կրակի վրա յուղ է լցնում», և ընդգծել է, որ Ադրբեջանը «միլիարդավոր եվրոներ» է ծախսում իր սպառազինման վրա։

Նիկոլ Փաշինյանն France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է նաև, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։