Ֆրանսիայի ԶՈւ նախարար. Եթե ՀՀ-ն կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա՝ կմատակարարվեն

Ֆրանսիայի ԶՈւ նախարար. Եթե ՀՀ-ն կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա՝ կմատակարարվեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ շուտով Հայաստանին կմատակարարվեն ֆրանսիական «Բաստիոն» զրահամեքենաները։ Նա նաև հավելել է, որ եթե Հայաստանը կարճ, միջին և այլ հեռահարության ՀՕՊ հրթիռների կարիք ունենա, ապա դրանք ևս կմատակարարվեն։

Անդրադառնալով Հայաստանին ֆրանսիական սպառազինությունների վաճառքին՝ նախարարը շեշտել է, որ դրանք բոլորն էլ պաշտպանական նշանակության են, գրում է Sputnik Արմենիան։

«Այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը, և որևէ մեկը չի կարող քննադատել Հայաստանի բանակին իր պաշտպանական ունակությունները բարձրացնելու համար»,- հայտարարել է Լըկորնյուն։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար նշել է, որ իր և պատվիրակության այցը ևս մեկ անգամ շեշտում է Հայաստանի՝ Ֆրանսիայի համար ունեցած կարևորությունը։

Նախարարի խոսքով՝ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի կողքին լինել ռազմական կրթությանն աջակցության հարցում, և ֆրանսիական ռազմական կրթօջախները բաց են հայ զինվորականների վերապատրաստումների համար։

«Կունենանք ռազմական խորհրդատու, որը միշտ կգտնվի Հայաստանում, պետք է նաև ուղղորդենք օդային պաշտպանությանն առնչվող ծրագրերը՝ հօգուտ այն բարեփոխումների, որ դուք արդեն իրականացնում եք»,- ասել է ֆրանսիացի նախարարը։

Սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պատմության մեջ առաջին այցն է Հայաստան։ Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր էին ստորագրել 2023 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---