23 փետրվարի 2024 - 16:02 AMT
Ատալ. ՀՀ-ն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը լուսանկար է հրապարակելՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից X-ի իր միկրոբլոգում և գրել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեցել են և միշտ կունենան յուրահատուկ հարաբերություններ։

«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ՝ շնորհակալություն, սիրելի Նիկոլ Փաշինյան կարծիքների փոխանակման համար, որոնք վերահաստատում են մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու մեր երկուստեք ցանկությունը: Մենք շարունակելու ենք լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- գրել է նա, հայտնում է Արմենպրեսը։

Փարիզում կայացած հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև ստանդարտների ներդրման ուղղությամբ: Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ:

«Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։