23 փետրվարի 2024 - 17:19 AMT
Ֆրանսիայի ԶՈւ նախարարը՝ Փաշինյանին․Այն սպառնալիքները, որ կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է, որ սա ընդհանրապես, Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է ՀՀ և արդեն իսկ այս փաստով պատմական է:

Լըկորնյուն, անդրադառնալով երկկողմ գործակցության պաշտպանական ոլորտում, ասել է, որ այն սպառնալիքները, որ կախված են Հայաստանի գլխին, ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել երկկողմ օրակարգի ձևավորման և այդ օրակարգն իրականացնելու հարցում աջակցության համար:

«Պիտի ընդգծեմ, որ իհարկե այն փոփոխությունները, որ տեղի են ունենում մեր անվտանգային իրավիճակում և համագործակցության մեջ, տրամաբանված են և հիմնավորված: Իհարկե, շնորհակալություն հայտնելով՝ պիտի նաև տրամաբանական համարեմ, որ Ֆրանսիան առաջին երկրներից է, որ արձագանքում է անվտանգության ոլորտում մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու մեր որոշմանը, որովհետև ինչպես նախորդ երկու օրերին Փարիզում քննարկելու առիթ ունեցանք, մեր հարաբերությունները շատ խորն են և բազմաշերտ ու տրամաբանական է, որ պաշտպանության և անվտանգության ոլորտում նույնպես այդ հարաբերությունները պետք է արտահայտվեն: Նաև ուզում եմ ընդգծել, որ նախագահ Մակրոնի հետ մեր քննարկումներում, ըստ էության, միշտ ներկա է եղել անվտանգության կոմպոնենտը, և հիմա ուրախ եմ, որ այդ քննարկումները կոնկրետ արտահայտություն են ստանում, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ»,–ասել է Փաշինյանը:

Իր հերթին Սեբաստիան Լըկորնյուն նշել է. «Շնորհակալություն այս խոսքերի և ընդունելության համար: Դուք հուզեցիք ֆրանսիացիներին Ձեր ներկայությամբ պանթեոնում: Կարելի է ասել, որ սա շատ յուրօրինակ շաբաթ էր մեր երկու հանրապետությունների համար: Ինչպես այդ մասին ասացի ԶԼՄ ներկայացուցիչներին, որոնց հետ հենց նոր ես հանդիպում ունեցա, իրոք որ կար որոշակի պառակտում՝ մի կողմից ջերմ բարեկամական հարաբերությունները, որ մենք ունեինք, և պաշտպանական ոլորտը, որ դեռևս լիովին իրագործված չէր:

Կարծում եմ, որ այս առաջընթացում մեծ դեր են խաղում նաև Ձեր անձնական հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ: Կարծում եմ, որ այն հիմնված է վստահության վրա և թույլ տվեք ինձ ասել, որ նաև մեր երկկողմ վստահությունն է: Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը:

Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Կողմերը կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստան- Ֆրանսիա փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության և այլ ուղղություններով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ:

«Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։