Բայրամով․ Առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները կհանդիպեն

Բայրամով․ Առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունները կհանդիպեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում կլինի։

«Մյունխենում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Առաջիկայում նախատեսվում է դեմ առ դեմ հանդիպում հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի շուրջ»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։ Փաշինյանը նշել է, որ Բաքուն ներկայիս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում։ Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։

Ավելի վաղ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում։Նա հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանն ու համաձայնեցմանը։ Ըստ Փաշինյանի, դրան կհաջորդի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---