26 փետրվարի 2024 - 16:23 AMT
2024-ին ՀՀ–ում կարմրուկի 100 դեպք է հաստատվել

2024-ին ՀՀ–ում հաստատվել է կարմրուկով վարակման 100 դեպք, որից 72–ը՝ երեխա, 28–ը՝ մեծահասակ, հայտնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Փետրվարի 26–ի դրությամբ 7 մարդ հոսպիտալացված է:

2023 թ. դրությամբ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: