26 փետրվարի 2024 - 16:57 AMT
Վարչապետը կարևորել է Գերմանիայի կանցլերի ներդրումը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը:

Վարչապետը ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը: Վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ներկայացնելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ տեղի ունեցած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները, ասել է, որ հանդիպման հիմնական արձանագրումն այն էր, որ կողմերը հավատարիմ են մնում իրենց պայմանավորվածություններին։ Նա հավելել է, որ եթե այդ պայմանավորվածությունները պահվեն, դա կնպաստի լարվածության նվազմանը սահմանին։