26 փետրվարի 2024 - 16:58 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը` Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այդ մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ առաջիկա օրերին ՀՀ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում կլինի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ։ Փաշինյանը նշել է, որ Բաքուն ներկայիս Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում։ Նա նաև նշել է, որ Ալիևը ոչ թե խաղաղության պայմանագիր է ցանկանում, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է Հայաստանից նոր տարածքներ գրավել։

Ավելի վաղ Փաշինյանը Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում։Նա հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպումը վերաբերելու է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանն ու համաձայնեցմանը։ Ըստ Փաշինյանի, դրան կհաջորդի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը: