29 փետրվարի 2024 - 12:14 AMT
Փաշինյան. ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, եթե այսպես շարունակվի` դե յուրե էլ պետք է սառեցնենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 28–ին ԱԺ–ում, անդրադառնալո ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններին, ասել է, որ ՀՀ–ն ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել է, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնի։

«Արդեն մեկ տարի է մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ, տևական ժամանակ է չենք մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։ ՀԱՊԿ-ում որոշումների կայացման համար գործում է կոնսենսուսի սկզբունքը, բայց մենք դրան չենք մասնակցում մի պարզ պատճառով, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է մասնացենք»,-ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի, այդ հարցն առաջացել է 2021–ի մայիսին, նոյեմբերին և 2022–ի սեպտեմբերի իրադարձություններից հետո, երբ ՀԱՊԿ-ն առաքելություն է գործուղել ՀՀ և ուսումնասիրությունների արդյունքում պետք է իրադրության գնահատական տար, սակայն չի տվել։

«Այդ հարցը շատ պարզ է՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում»,-ասել Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցին պատասխանի բացակայությունը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը, անտեսելով սեփական պարտավորությունները, որը պետք է ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան ապահովեր, անում է ճիշտ հակառակը։

«Այն, ինչ ակնկալել ենք ՀԱՊԿ-ից, երբեք առաջին հերթին ռազմական միջամտությունը չի եղել: Հանկարծ տպավորություն չստեղծվի, թե ՀԱՊԿ-ին փորձել ենք ներքաշել պատերազմի մեջ և դրանով վատ վիճակի մեջ դրել մեր գործընկերներին։ Մենք չենք ասել, թե եկեք ռազմական խնդիր լուծեք, ասել ենք՝ քաղաքական և դիվանագիտական գնահատական տվեք և պատասխանեք մեկ հարցի, թե որն է ՀՀ տարածքում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ Մենք առաջին հերթին քաղաքական դիրքորոշում ենք ակնկալում»,–ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ հայկական կողմը գործել է ըստ ՀԱՊԿ փաստաթղթերի։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն: