Մշակույթի ոլորտի միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում

Մշակույթի ոլորտի միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում

PanARMENIAN.Net - Մշակույթի ոլորտի միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան Հայաստանում։ Կառավարության նիստում հաստատվել է «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչներին անվանական թոշակ տրամադրելու» ծրագիրը:

Դրամական խրախուսում տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող մշակույթի ոլորտի այն գործիչներին, ովքեր որպես Հայաստանի ներկայացուցիչ մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Դրամական խրախուսման վճարումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ, 1 տարի ժամկետով:

Ծրագրի համաձայն՝ միևնույն անձը մեկից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար։

Դրամական խրախուսման չափերը սահմանելիս հիմք է հանդիսացել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը։ Այս համադրության մեջ ամսական 660,000 դրամ գումարը հավասարեցվել է Օլիմպիական մրցանակի։

Դրամական խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատ արվեստագետներն ու մշակույթի գործիչները, այնպես էլ խմբերը։ Խմբային (թատերախումբ, ֆիլմարտադրողներ) արդյունքի դեպքում դրամական խրախուսումը բաշխվելու է խմբի անդամների միջև հավասարաչափ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ տվյալ իրավաբանական անձին, որի գործադիր մարմնի որոշմամբ իրականացվելու է դրամական խրախուսման բաշխումը։ Եթե տվյալ գործադիր մարմնի իրավասության ներքո գործում են մի քանի ստեղծագործական խմբեր, ապա դրամական խրախուսումը տրվում է այն ստեղծագործական խմբին, որն արժանացել է մրցանակի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ անդրադարձ է կատարվում կինոարտադրությանը, թատրոնին, կերպարվեստին, գրականության ոլորտին, պարարվեստին, երաժշտության ոլորտին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ այս շրջանակի մեջ մտնում է նաև մշակութային ժառանգությունը, որովհետև թանգարանների ոլորտում էլ կան միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխություններ:

Անդրեասյանը ներկայացրել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունված ևս մի կարևոր որոշում, ըստ որի կհիմնադրվի «Մշակույթի զարգացման» հիմնադրամ:

Նախատեսվում է սկզբնական շրջանում հիմնադրամին փոխանցել թանգարանների մարքետինգային և վարչատնտեսական գործառույթները, ինչպես նաև հաշվապահական հաշվառումը։ Հիշյալ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելուց հետո կդիտարկվի նաև նախարարության ենթակայության այլ կազմակերպությունների գործառույթների փոխանցումը։

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---