ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Ռիժկովի հուղարկավորությանը

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Ռիժկովի հուղարկավորությանը

PanARMENIAN.Net - ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորությանը։ Սգո արարողություններին մասնակցելու նպատակով ՌԴ գործուղված պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրել է համապատասխան որոշումը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը, Դավիթ Առուշանյանը, Շիրակ Թորոսյանն ու Միքայել Թումասյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Պատվիրակությանը կմիանա նաև ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը: 2008-ի դեկտեմբերին նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ արժանացել էր ՀՀ ազգային հերոսի կոչմանը։ 1985-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես է եկել հայանպաստ ելույթներով, կարևորել Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---