1 մարտի 2024 - 15:35 AMT
Հաջիևը խոսել է ՀՀ սահմանադրության մեջ «տարածքային պահանջների» մասին, Ռուբինյանն ասել՝ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքաին քաղաքական հարցերով բաժնի պետ և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն Անթալիայում ընթացող Դիվանագիտական համաժողովում խոսել է ՀՀ սահմանդրությունից, որտեղ, ըստ նրա, «տարածքային պահանջներ կան»։

Նա ասել է, թե «Ադրբեջանը պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից իրավական և սահմանադրական փաստաթղթերի վերաբերյալ, որտեղ դեռևս առկա է «Միացումի» տարրը, ինչպես նաև այլ տարածքային պահանջներ, հայտնում է Haqqin.az-ը։

ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին ասել է, որ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, մենք բազմաթիվ անգամ ենք դա ասել, դա նաև ամրագրված է եղել համատեղ հայտարարություններում։ Բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և դա կլինի խաղաղության պայմանագիրը»,– ընդգծել է Ռուբինյանը։

Նրա կարծիքով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։