ԱԽ քարտուղար․ ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցությունը 96%-ից հասել է 10%-ի

ԱԽ քարտուղար․ ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցությունը 96%-ից հասել է 10%-ի

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերություն եթերում հայտարարել է, որ վերջին տարիներին ՌԴ հետ ռազմատեխնիկական գործակցությունը 96%-ից հասել է 10%-ի։

Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության 96 տոկոսը Ռուսաստանի հետ էր, 2021 թվականի հունվարից հետո տարբեր երկրների հետ մի քանի միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքվել, որոնց մեջ Ռուսաստանի ծավալը 10 տոկոսից էլ ցածր է, գրում է «Ազատությունը»։

«Այսինքն 96 տոկոսից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը հասել է 10 տոկոսից էլ քիչ թվի»,- նշել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանից պաշտոնապես միտք է հնչել՝ եթե Հայաստանին զենք վաճառեն, Երևանի դիրքորոշումները կկոշտանան։

Գրիգորյանը հայտարարել է, որ 2021-ից սկսած Հայաստանը Ռուսաստանի հետ 250 միլիոնի պայմանագրեր է կնքել, բայց անհրաժեշտ զենքը չի մատակարարվել։

«Ինչպես է ստացվել, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք անվտանգությունը։ Առաջին հերթին, երբ որ 2021-ից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանի Դաշնությունից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, որպեսզի համատեղ այդ բարեփոխումներն իրականացնենք:

Բայց այդ բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են եղել, Ռուսաստանը չի մատակարարել մեզ անհրաժեշտ զենքը: Անհրաժեշտ ասելով նկատի ունեմ գնված զենքը։ Այդ ամբողջ 250 միլիոնը 2021 թվականից սկսած պայմանագրեր են, և մենք սկսել ենք նոր գործընկերներ փնտրել: Հայտնիներից մեկը Հնդկաստանն էր, վերջերս՝ Ֆրանսիան, ԵՄ տարբեր երկրներ, և բազմաթիվ այլ երկրների հետ սկսել ենք աշխատել»,- նշել է Գրիգորյանը:

 Ուշագրավ
---