5 մարտի 2024 - 18:23 AMT
Փաշինյան․ Միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությունների ժամանակ ասել է, որ ՀՀ–ն միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին։

Նա նաև ասել է, որ ՀՀ–ն մտածում է Գազա հումանիտար բեռ ուղարկելու մասին և ակնկալում է Եգիպտոսի աջակցությունն այդ հարցում

«Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին»,–ասել է Փաշինյանը։

Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ Փաշինյանը նախագահ աս-Սիսիին հայտնել է Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար:

«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին»,–ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Վարչապետը հավելել է, որ Եգիպտոսը վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ ՀՀ հարաբերություններում և երկխոսության մեջ:

«Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել մեր երկիր՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին:

Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։

Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է»,–ասել է Փաշինյանը։

Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է խաղաղության և կայունության ամրապնդումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, Հայաստանի և Եգիպտոսի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողությունը: