Նախարարը դաշնակահար Հայկ Մելիքյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Նախարարը դաշնակահար Հայկ Մելիքյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ «1900+» նախագծի 15-ամյակի հոբելյանական համերգը՝ նվիրված 20 և 21-րդ դարերի հայ երաժշտությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, տարբեր երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նախագծի հոբելյանի առիթով և Հայկ Մելիքյանին պարգևատրել ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով՝ հայ երաժշտարվեստի հանրահռչակման, բարձր կատարողական վարպետության և 20-րդ դարի, ժամանակակից դաշնամուրային երաժշտության «1900+» նախագծի հիմնադրման համար։

«Այս նախագիծը մեզ թույլ է տալիս վայելել 20-րդ դարի և ժամանակակից կոմպոզիտորական արվեստը, ամենատարբեր երկրների մշակույթը և ճանաչել նաև ինքներս մեզ։ Ընդ որում՝ ճանաչելու համար կարևոր է ոչ միայն հեռու անցյալին նայել, այլև ներկային, որտեղ ևս բազմաթիվ արժեքավոր գործեր են ստեղծվում։ Շատ ուրախ եմ, որ այս նախագիծը խթանում է կոմպոզիտորական արվեստը հենց այս պահին, և այդ գործունեությունն արժանի է ամենաբարձր գնահատանքի»,- ասել է Անդրեասյանը։

Հայկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արժևորման համար՝ նշելով, որ իր հույզերը կարտահայտի երաժշտության միջոցով։

Համերգին հնչել են Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Սարյանի և այլ նշանավոր կոմպոզիտորների գործերից, ինչպես նաև Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս հոբելյանի համար գրված «15-րդ հարված» ստեղծագործությունը։

«1900+» նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---