Դեսպան․ ՀՀ–ն ու Ֆրանսիան երկարաժամկետ գործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում

Դեսպան․ ՀՀ–ն ու Ֆրանսիան երկարաժամկետ գործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով Հայաստանի հետ համագործակցությունը, ասել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան երկարաժամկետ համագործակցություն են կառուցում, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ այն միջոցները, որ Ֆրանսիան տրամադրում է Հայաստանին, ուղղված են բացառապես Հայաստանի պաշտպանությանը՝ հավելելով, որ Ֆրանսիային մտահոգում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։

«Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում մենք երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում ունեցանք Մյունխենում, Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը Փարիզում էր և մասնակցեց Դիմադրության շարժման հայտնի անդամ, հայկական ծագում ունեցող Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությանը Ազգային պանթեոնում: Հանդիպեցին նաև նախագահն ու վարչապետը: Իհարկե, նշանակալի այց էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը Հայաստան, սա առաջինն էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախարարի համար, դա բավականին նշանակալից է: Մենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք 32 տարի, անկախ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի փետրվարի 24-ից, բայց դրանք երբեք այսքան հագեցած ու վստահելի չեն եղել: Այո, մենք կառուցում ենք երկարաժամկետ համագործակցություն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը, դա միայն ռազմական գնումների մասին չէ, որն, իհարկե, կարևոր է, այլ նաև վերապատրաստումների մասին է, այդ թվում՝ բարձրաստիճան հայ սպաների վերապատրաստումների: Խոսքը խորհրդատվության մասին է:

Երբ երկու երկրների երկու ռազմական ակադեմիաների միջև առկա է այնպիսի պայմանագիր, ինչպիսին կնքվեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցի շրջանակում, դու, անշուշտ, կառուցում ես երկարաժամկետ համագործակցություն»,–ասել է նա։

Նա նշել է, որ Բաքվից ստացվում են որոշ մտահոգիչ հայտարարություններ:

«Եվ վարչապետն ու ՀՀ–ն պարզապես կլսեն ու հաշվի կառնեն այդ հայտարարությունները: Ֆրանսիան կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում որոշ առանցքային տարրերի ձեռքբերման հարցում, մասնավորապես՝ Պրահայում 2022-ի հոկտեմբերին երկու կողմերի միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ և Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանային հարցերը լուծելու: Սա մեր՝ արդեն ունեցած նպաստն է: Այժմ մենք աջակցում ենք բոլոր ջանքերին՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հովանու ներքո՝ հասնելու տևական, կայուն և արդար խաղաղության պայմանագրին: Սա մեր դիրքորոշումն է, և այն, ինչ կարող է տեղի ունենալ այդ ուղղությամբ, նույնպես կստանա մեր աջակցությունը»,–ասել է դեսպանը։

Հարց է հնչել այն մասին, որ, նկատի ունենալով Ալիևի՝ պայմանավորվածությունները խախտելու գործելաոճը, մշտապես նշվում է, որ դրա իրագործման համար միջազգային երաշխիք է պետք՝ խաղաղության պայմանագրի իրագործման համար՝ ո՞վ, ի՞նչը կարող է լինել այդ երաշխիքը, ԵՄ-ն, Ֆրանսիան ի՞նչ դերակատարում կարող են ունենալ այս առումով։

«Տանգոն երկուսով են պարում: Նախևառաջ երկու կողմերը պետք է անկեղծորեն կամենան հանգել պայմանագրի: Եվ, անշուշտ, վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում մենք հասել ենք որոշակի վստահության, որ հարկավոր է երրորդ կողմի աջակցություն և երաշխիքներ:

Մեր կարծիքով՝ ամերիկյան և եվրոպական միջնորդություններն ամենահուսալի երաշխիքներն են: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում մենք տեսել ենք, որ երաշխավորության համակարգը, որ գործում էր դեռ 2020-ից, չաշխատեց: Եվ մենք պետք է դասեր քաղենք դրանից»,–ասել է դեսպանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար ասուլիսում ասել է8, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ:

«Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---