Արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը․ Ստորագրահավաք է սկսվում

Արցախցիները բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը․ Ստորագրահավաք է սկսվում

PanARMENIAN.Net - Արցախյան 32 կազմակերպություն համախմբվել է և ձևավորել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն, որն առաջին հերթին միտված է զբաղվել Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման հարցերով։

Նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ կառավարությանը, մեկնարկում է ստորագրահավաք, գրում է Sputnik Արմենիան։

ՀՀ կառավարությունը ներկայացրեց բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակը, որը վերջին օրերին հանրության շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել։

«Ստորագրահավաք ենք մեկնարկում, հղումը կուղարկենք նաև ԶԼՄ–ներին։ Մենք կոչ ենք անում բոլոր աջակիցներին, անկախ նրանից` արցախցի են, թե ոչ, ստորագրել այս փաստաթուղթը»,– նշել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ–ի նախագահ Արտակ Բեգլարյանը։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը, ներկայացնելով բաց նամակը, նշել է, որ իրենք ուսումնասիրել են ողջ ծրագիրը։ Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտականությունները և մի շարք այլ հանգամանքեր, հանդես են գալիս որոշ առաջարկներով։

«Առաջարկում ենք ծրագիրն իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի`ակտիվ ներգրավելով միջազգային և սփյուռքի ֆինանսական ռեսուրսներ։ Առաջարկում ենք նաև բնակելի և անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն ՀՀ դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին։ Նշված գումարը հատկացնել բոլորին` անվերադարձելիության սկզբունքով` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը»,– նշել է Ասրյանը։

Նա հավելել է, որ պետք է արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ` այդ թվում աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին։

Բաց նամակում նաև ասվում է, որ պետք է հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է Հայաստանի օրենսդրությանն ու միջազգային իրավունքի սկզբունքներին, առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000 + 10,000 դրամի ծրագիրը` մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը։

Նախաձեռնության անդամները ՀՀ կառավարությունից պահանջում են մինչև 3 անդամ ունեցող ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում. յուրաքանչյուր ընտանիքի` ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանան գույք ձեռք բերել։

Նախաձեռնության անդամները նաև առաջարկում են ծրագրում առաջնահերություններ և լրացուցիչ արտոնություններ սահմանել զոհվածների և առաջին խմբի հաշմանդամություն ունեցող ընտանիքների համար, ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար։

«Ծրագրի նախագիծը դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները։ Այս ծրագիրը, միանշանանակ, պետք է նպաստի Արցախից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանը և արտագաղթի բացառմանը։ Ծրագրով պետք է հաշվի առնել նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը` անհրաժեշտ պայմաններ և գործողություններ ապահովելով այդ նպատակի համար»,– ասված է նամակում։

Ի պատասխան տարաբնույթ շահարկումների և պնդումների Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության անդամներն ընդգծել են, որ իրենք կողմ են պետական աջակցության բոլոր ծրագրերին, այդ թվում բնակարանային։ Նրանք շեշտել են, որ մյուս կողմից էլ կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը հաշվի առնելով մեծագույն կորուստները և փախստական դարձած անձանց հանդեպ ՀՀ–ի ստանձած միջազգային և ներպետական պարտավորությունները։

Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները նախաձեռնության ներակայացուցիչները պատրաստ են ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում։

Միաժամանակ, նրանք պատրաստ են ցանկացած ձևաչափով հանդիպման և քննարկման, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության և արդյունավետության ապահովմանը։

 Ուշագրավ
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն
Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է
---