6 մարտի 2024 - 17:35 AMT
ԱԽ քարտուղար. «Զվարթնոցում» պետք է լինեն միայն ՀՀ սահմանապահները՝ պաշտոնական նամակ է ուղարկվել ՌԴ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ պետք է իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը։

Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք քննարկվում է ՌԴ սահմանապահներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս բերելու հարցը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանը այս հարցում հստակ դիրքորոշում ունի և այդ հստակ դիրքորոշման մասին Ռուսաստանի Դաշնությանը տեղյակ պահել է պաշտոնական նամակով։ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայությունը պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե ինչու այդպիսի անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանել է, որ Հայաստանը անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություն է ձեռք բերում, և այս պահին Հայաստանը ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար։

Ավելի վաղ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել մասին, որ ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից:

Ավելի ուշ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում: