7 մարտի 2024 - 17:23 AMT
Միրզոյան․ Ի զորու ենք «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հայկական կողմն ի զորու է «Զվարթնոցում» միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։

«Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական սահմանապահների դուրսբերման հայկական նախաձեռնության մասին»,–ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

«Ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրև աջակցություն նորանկախ հայկական պետականությանը: Նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի Հայաստանը իր պատկան մարմինների միջոցով: Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի»,- նշել է Միրզոյանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել:

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,- նշել էր նա: