7 մարտի 2024 - 18:23 AMT
Երևանում տանսպորտը չպետք է թանկանա․ Թևանյանը ներկայացրել է «Մայր Հայաստանի» նախագիծը

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը Երևանում կազմակերպված հանրային քննարկման ժամանակ, ներկայացնելով խմբակցության նախագիծը, ասել է, որ Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկության արժեքը պետք է մնա նույնը, այսինքն տրոլեյբուսով երթևեկության արժեքը պետք է լինի 50 դրամ, իսկ ավտոբուսի և մետրոյի ուղեվարձը 100 դրամ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մայր Հայաստանը» համարում է, որ հանրային տրանսպորտը պետք է անվճար լինի թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ այն անձինք, որոնք շաբաթական 4 և ավելի անգամ օգտվում են հասարակական տրանսպորտից, պետք է կարողանան ձեռք բերել 400 դրամ արժողությամբ քարտեր, որոնք վավեր կլինեն ակտիվացման պահից մինչև 24 ժամ։ Այն քարտերը, որոնք վավեր կլինեն 7 օր, պետք է արժենան 2000 դրամ, և դրանք շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի օգտագործել անսահմանափակ քանակությամբ։

Մինչև մեկ ամիս ժամկետով քարտի համար առաջարկում ենք ներդնել նույն պայմաններով 5500 դրամանոց տոմսեր, մինչև 180 օր և մինչև մեկ տարի ժամկետով քարտի համար՝ համապատասխանաբար 20 հազար դրամ և 35 հազար դրամ»,- ասել է Թևանյանը։

Նա ընդգծել է, որ իրենք համաձայն չեն ուղեվարձի թանկացման վերաբերյալ իշխանությունների մտադրություններին։

«Տրանսպորտի բարեփոխումները չպետք է սահմանափակվեն միայն ավտոբուսների գնմամբ, սա նաև ներառում է ուղևորահոսքի պատշաճ կառավարում, փողոցների գերբեռնվածության թեթևացման քաղաքականություն՝ վերգետնյա և ստորգետնյա կայանատեղերի ներդրման և այլ համալիր միջոցառումների միջոցով»,- նշել է Թևանյանը։

Նրա խոսքով` սուբսիդիաները պետք է գործեն առնվազն մինչև բարեփոխումների ավարտը։

2024 թվականի սեպտեմբերի 1-ից նախատեսվում է ներդնել ուղեվարձի վճարման միասնական համակարգ՝ ներառյալ էլեկտրոնային տոմսեր ու ուղևորական քարտեր տարբեր սակագնային պլաններով՝ 70 րոպե, 24 ժամ, 7 օր, 30 օր, 90 օր և մեկ տարի, ինչպես նաև 10 ուղևորության տոմս։

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարին հայտարարեց, որ 2024 թվականի սեպտեմբերից Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կրկնակի կբարձրանա, իսկ մեկանգամյա ուղեվարձը կկազմի 300 դրամ: Այս պնդումները նույն օրը հերքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ուղեվարձը կարող է թանկանալ նրանց համար, ովքեր հազվադեպ են օգտվում դրանից: Միևնույն ժամանակ նախատեսվում է սուբսիդավորել ուղեվարձը մշտական ուղևորների և բնակչության խոցելի շերտերի համար: Նա վստահեցրեց, որ սակագինը կա՛մ կվերանայվի նվազագույն բարձրացմամբ, կա՛մ կմնա նույնը։