9 մարտի 2024 - 13:41 AMT
Սիմոնյանը՝ Էստոնիայի վարչապետին․ Գործակցության չիրացված մեծ ներուժ կա

Էստոնիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ երկրի վարչապետ Կայա Կալասի հետ հանդիպմանն ասել է, որ երկկողմ հարաբերություններում գործակցության չիրացված մեծ ներուժ կա։

«Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրները վարում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, այնուհանդերձ երկկողմ հարաբերություններում առկա է համագործակցության չիրացված մեծ ներուժ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-էստոնական համագործակցությունը կիբեռանվտանգության, սահմանային անվտանգության համակարգերի, թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում:

ՀՀ ԱԺ նախագահն Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից առաջ բերած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, կարևորել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: Նա վարչապետին նաև ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, որի նկատմամբ Ադրբեջանը ցուցաբերում է ապակառուցողական մոտեցում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորություններն առևտրատնտեսական և այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարին: