12 մարտի 2024 - 10:48 AMT
ԱՄՆ–ն մտադիր է $52 մլն տրամադրել Հայաստանին

ԱՄՆ վարչակազմն առաջարկում է որպես օգնություն 52 մլն դոլար տրամադրել Հայաստանին 2025 թվականի ֆիսկալ տարում, որը նախատեսվում է Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման համար։

Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունում մի շարք ամերիկյան դիվանագետների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների մասնակցությամբ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության արտաքին օգնության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ավելի վաղ, պետքարտուղարությունն իր կայքում հրապարակել էր «2025 ֆինանսական տարվա բյուջե. աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի ռազմավարական ձախողման ապահովումը» վերնագրով մի փաստաթուղթ, ուր նշված է, որ 2025 թվականի ֆիսկալ տարում ամերիկյան վարչակազմն առաջարկում է միջոցներ տրամադրել «աջակցելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ամրապնդմանն ու Արևմուտքի հետ կապերին»: Այս հրապարակումը չէր մանրամասնել տրամադրվող գումարի չափը: