12 մարտի 2024 - 16:20 AMT
Մարտի 11-ի դրությամբ ՀՀ-ում կարմրուկի 135 դեպք է գրանցվել

2024–ին, մարտի 11-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի 135 դեպք է գրանցվել:

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարմրուկը մանկական անվնաս հիվանդություն չէ, այլ խիստ վարակիչ, որը շատ արագ տարածվում է չպատվաստված անձանց շրջանում: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր հինգերորդ երեխան (20%) կարիք է ունենում հիվանդանոցային բուժման:

Նշվում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցի համաձայն իրականացվում է կարմրուկի երկու դեղաչափ պատվաստում.

✔️ 1-ին դեղաչափը` 1 տարեկանում,

✔️ 2-րդ դեղաչափը` 4-6 տարեկանում:

Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութերով:

Յուրաքանչյուր անձ, ով չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա և պատվաստվել:

Կարմրուկի դեպքերի աճը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում սկսվել է 2023 թվականից և շարունակվում է նաև այս տարի: