7 մայիսի 2009 - 18:53 AMT
«Արեւելյան գործընկերության» տեքստում չկա տարածքային ամբողջականության սկզբունքը
Պրահայում ստորագրվելիք «Արեւելյան գործընկերության» հռչակագրի վերջնական տեքստը փոփոխվել է մայիսի 6-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովին: Ծրագրի մասնակից երկրներն անվանվել են «արեւելաեվրոպական գործընկերներ» կամ «գործընկեր-երկրներ», իսկ ԵՄ հետ մասնակից երկրների անցագրային ռեժիմի պարզեցումը հետաձգվել է ավելի երկար ժամկետով: Ինչպես գրում է EUobserver-ը, փոփոխությունների հարցում պնդել են Գերմանիան եւ Նիդեռլանդները, որպեսզի «գործընկերների» մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե մասնակցությունը «Արեւելյան գործընկերությանն» ապագայում Եվրամիության անդամության հեռանկար է բացում:

Վրաստանին եւ Ադրբեջանին չի հաջողվել հասնել նրան, որ հռչակագրում ներմուծվի մի կետ այն մասին, որ բոլոր 33 երկրները (ԵՄ 27 անդամներն ու 6 արեւելյան գործընկերները) պետք է հագեն պետության տարածքային ամբողջականությունը: Դրա փոխարեն փաստաթղթում միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի պահպանման կոչ է պարունակվում:

Չեխիայի վարչապետ Ալեքսանդր Վոնդրայի խոսքով, Պրահայում կայանալիք գագաթաժողովին ներկա չի լինի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, Իտալիայի եւ Իսպանիայի վարչապետներ Սիլվիո Բերլուսկոնին եւ Խոսե Լուիս Սապատերոն:

Գագաթաժողովին մասնակցելու է ԳՖՀ կանցլեր Անգելա Մերկելը, Եվրահանձնաժողովից Պրահայում ներկա կլինի Ժոզե Մանուել Բարրոզուն: