Միրզոյան․ ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխաններ

Միրզոյան․ ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխաններ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասել է, որ Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին, գրում է Sputnik Արմենիան։

«Գիտեք՝ սա պայմանագիր է և կազմակերպություն է այն մասին, որ մասնակից պետությունները պարտավորվում են իրար փոխօգնություն տրամադրել, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ցավոք սրտի, այն ժամանակ, երբ ՀՀ սուվերեն տարածքները ենթարկվեցին հարձակման և օկուպացիայի և ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները խախտվեցին, մենք չտեսանք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն ունեին փաստերի այն ընկալումն ու այն ձևակերպմամբ ընկալումը, որը քիչ առաջ ներկայացրեցի՝ սահմանների խախտում և սուվերեն տարածքների օկուպացիա»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակը հարցեր է առաջացնում հայկական կողմի մոտ, որոնց համար պատասխաններ են ակնկալվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ Ազգային ժողովը ժամանակին հաստատել էր ՀԱՊԿ-ի հետ համագործակցության ծրագիրը, իսկ հիմա կառավարությունը հայտարարում է, որ սառեցնում է այն։

«Ի՞նչ իրավունքով է Հայաստանը սառեցնում մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,-ասել է նա։

«Տեղի են ունեցել իրադարձություններ՝ չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերին, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնարին։ Այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես ԱԺ-ին ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչու՞, որովհետև ՀՀ-ի վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են... ահա այս կազմակերպությունը այն պայմաններում, երբ մեզ վրա տեղի է ունեցել հարձակում, սահմանները խախտվել են, այդ պարտավորությունն ունեցող միջավայրում գործընկերներից համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրապարակային փաստի ընդունում, որ, այո՛, ՀՀ ինքնիշխան տարածքը, սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունում տեղի չի ունեցել»,- ասել է Միրզոյանը։

«Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի, որը չի ուզում ճանաչել, որ ՀՀ սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որ մեր ձևակերպմամբ, չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչում»,- հարց է ուղղել Միրզոյանը։

Ռուստամյանն էլ նշել է, որ ինքն ԱԺ-ի կողմից է, և խորհրդարանական երկրում երբ ծրագիր է ընդունվում, ապա կառավարությունը պարտավոր է պահպանել այդ ծրագիրը։

Ըստ նրա՝ եթե իրավիճակն այնքան է ռադիկալ փոխվել, որ պետք է նոր ծրագիր հաստատել, ապա պետք է կառավարությունը ցրել, նորը ձևավորել, որը նոր ծրագրով հանդես կգա։

«Հիմա դուք հակասահմանադրական քայլ եք արել»,- ասել է Ռուստամյանը։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---