15 մարտի 2024 - 17:03 AMT
Միրզոյան․ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնել է, որ մարտի 16–ի դրությամբ ադրբեջանական բանտերում դեռևս 23 հայ կա։

«Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասել է Միրզոյանը, գրում է Panorama.am-ը։

Նա հավելել է, որ 2023-ին առաջընթաց ենք ունեցել հումանիտար հարցերով։

Միրզոյանը հիշեցրել է, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, և 2 ադրբեջանցի ռազմագերի։

Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։