15 մարտի 2024 - 17:06 AMT
Միրզոյանն ու Ֆիդանը վերահաստատել են սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–ում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասել է, որ թեև վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանի ամբողջական բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ, եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ։

Նա նշել է, որ սահմանի մասնակի բացումը մինչ օրս իրականացված չէ, թեև այս մասին պայմանավորվածությունը նաև Թուրքիայի ԱԳ նոր նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն են հնարավորություն ունեցել վերահաստատել, հայտնում է Panorama.am-ը։

«Մեզ համար կարևոր է խոսել և ներկայանալ ոչ միայն թուրքական կողմի պաշտոնյաների հետ, այլ նաև թուրք հասարակության հետ: Տեսնում ենք, որ հաճախ թուրքական հասարակությունում կան Հայաստանի և Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին պատկերացումներ, որոնք ամենևին չեն համապատասխանում իրականությանը: Եվ կարևոր են մեր դիրքորոշումներն, ընկալումներն՝ այդ թվում նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ ներկայացնել նաև թուրք գործընկերներին, հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,-ասել է Միրզոյանը։

Հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում առկա արգելքները։ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո 2023–ի փետրվարի 8-ին Հայաստանն ուղարկել է փրկարարական ջոկատ, հումանիտար օգնություն։

Միրզոյանը նույն առիթով այցելել է Թուրքիա, Անկարա, որտեղ տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում։ Այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մասնակիորեն բացել հայ-թուրքական սահմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։