15 մարտի 2024 - 18:01 AMT
ՀՀ-ն ԵՄ-ի հետ գործակցության նոր փաստաթուղթ կստորագրի

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ է մշակում, որը նախատեսվում է ստորագրել մինչև հուլիս, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստան-ԵՄ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացման դեպքում իսկապես կունենանք գրեթե ԵՄ անդամության թեկնածու երկրի պատրաստակամության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ համագործակցության նոր ոլորտներ և նոր ծրագրեր են մշակվում, որոնք ի հայտ են եկել նախորդ տարի նոյեմբերին տեղի ունեցած փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում։

Հիմա այդ երկու գործընթացների և մեր քաղաքական մերձեցման արտահայտման հետ մեկտեղ նոր փաստաթուղթ է մշակվում, որոշակի հարցեր դրա վերաբերյալ քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդին և այլ աշխատանքային մակարդակներով։ Ակնկալում ենք, որ մայիսին կստանանք նոր նախագիծ, որը պետք է , ամենայն հավանականությամբ, ընդունվի մինչև հուլիս ամիսը»,- ասել է Հովհաննիսյանը։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար: