15 մարտի 2024 - 18:26 AMT
ՄԱԿ․ Աշխարհում մանկական մահացությունը ռեկորդային ցածր մակարդակի է

Աշխարհում մինչև 5 տարեկան մահացած երեխաների թիվը 2022 թվականին հասել է ռեկորդային նվազագույնի, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը։ Առաջին անգամ այս ցուցանիշը 5 միլիոնից պակաս է եղել։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ 2022 թվականին 4․9 միլիոն երեխա է մահացել իր հինգերորդ տարեդարձից առաջ, ինչը 51 տոկոսով պակաս է 2000 թվականի և 62 տոկոսով՝ 1990 թվականի համեմատ: Այնուամենայնիվ, զեկույցի հեղինակները զգուշացնում են, որ այս առաջընթացն «անկայուն» է և անհավասար, գրում է Factor.am-ը։

«Բազմաթիվ լավ նորություններ կան, և գլխավորն այն է, որ մենք հասել ենք մինչև 5 տարեկան երեխաների մահացության պատմական ցածր մակարդակի, որն առաջին անգամ եղել է 5 միլիոնից պակաս, մասնավորապես՝ տարեկան 4․9 միլիոն»,- AFP-ին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) առողջապահության տնօրեն Հելգա Ֆոգստադը: