Փաշինյան. Սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այն կարող ենք սկսել Բաղանիսից Բերքաբեր հատվածում

Փաշինյան. Սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այն  կարող ենք սկսել Բաղանիսից Բերքաբեր հատվածում

PanARMENIAN.Net - Տավուշի մարզ այցի շրջանակում Ոսկեպարում տեղի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ և սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։

Նա նաև ասել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտալ և դա է նաև պատճառը, որ որոշել են գնալ այս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման ու դա անում են ոչ միայն հանուն ՀՀ–ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովեն այդ գյուղերի անվտանգությունը:

«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ասել էի, երբ ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու՝ կգամ և անձամբ ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ: Ի՞նչ գործնական հարց եմ եկել ձեզ հետ քննարկելու: Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ: Ի՞նչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում ընդհանրապես, և կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեպքում: Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը: Բոլորս գիտենք, դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսում կամ որտեղ է ավարտվում, դա նույն բանն է, նայած որ կողմից նայես Հայաստանի Հանրապետությունը»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Վարչապետը ներկաներին ցույց է տվել Հայաստանի ուրվագիծը և նշել, որ այն մեր իմացած Հայաստանի Հանրապետությունն է:

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը հետևյալն է. սահմանագծման հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում Հայաստանի Հանրապետությունը, և դա պետք է դառնա ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահման:

Ինչո՞ւ ենք այս հատվածին անդրադառնում և ինչո՞ւ ենք հիմա եկել կոնկրետ Ոսկեպարի հետ այս հարցը քննարկում, որովհետև կան որոշ խնդիրներ, որոնց հետ կապված քննարկում կիրականացնենք: Արձանագրումը հետևյալն է. տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:

Ի՞նչ առանձնահատկություն կա այստեղ: Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին, 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում: Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին: Մենք բարձրացնում ենք այդ հարցը, իրենք բարձրացնում են այն հարցը: Եվ երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն՝ գյուղի բնակելի տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ չէ: Իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքներն ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղերի, բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին:

Իհարկե մենք հակադարձում ենք, ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չէ, գյուղը նաև նրա կենսական տարածքներն են, նկատի ունեմ այդ քննարկումների ժամանակ մենք բոլոր փաստարկները բերում ենք, և այդ փաստարկներն արդարացի են: Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք, մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում: Եվ այս է նաև պատճառը, որ որոշել ենք գնալ այս հատվածներում Հայաստանի Հանրապետության սահմանի ճշգրտման ու դա անում ենք ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- նշել է վարչապետը:

Փաշինյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի՝ 4 գյուղերի պահանջին, ասել էր, որ դրանք՝ դե յուրե Հայաստանի տարածքում չեն։ Փաշինյանը նաև չէր բացառել, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից։ Փաշինյանը ասուլիսի ժամանակ նաև հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Ոսկեպար և տեղում բնակիչներին ներկայացնել իրավիճակը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---