Միշել. Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի

Միշել. Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Euractiv կայքում «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի» խորագրով հոդված է հրապարակել։

Նա հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը պետք է անցնի «պատերազմի տնտեսության» և ամեն ինչ անի Կիևի հաղթանակն ապահովելու համար, հայտնում է Արմենպրեսը։

Շառլ Միշելը հոդվածը սկսում է՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին պատմելով։

«Հեռախոսով լսելով Վլադիմիր Զելենսկիի մռայլ ձայնը․ «Ռումբերն ընկնում են մեզ վրա, սա լայնածավալ ներխուժում է», ես հասկացա, որ այդ պահին ամբողջ անվտանգության համակարգը, որ գոյություն ուներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ընդմիշտ փոխվել է։ ԵՄ-ն նույնպես դրա հետ միասին պետք է արագ փոխվի», - գրում է Միշելը:

Եվրոպական խորհրդի ղեկավարը հավելել է, որ պատերազմի մեկնարկից երկու տարի անց «պարզ է դարձել, որ Ռուսաստանը կանգ չի առնելու Ուկրաինայում, ինչպես 10 տարի առաջ կանգ չի առել Ղրիմում»։

«Ռուսաստանը շարունակում է ապակայունացնող մարտավարությունը Մոլդովայում, Վրաստանում, Հարավային Կովկասում, Արևմտյան Բալկաններում և նույնիսկ աֆրիկյան մարցամաքում», - գրել է նա։

Միշելը հավելել է, որ համարժեք արձագանք չտալու դեպքում Եվրոպան կարող է լինել հաջորդը։

«Եթե մենք ԵՄ-ի պատասխանը ճիշտ չկազմակերպենք և Ուկրաինային բավարար օգնություն չտրամադրենք Ռուսաստանին կանգնեցնելու համար, ապա մենք հաջորդը կլինենք», - հավելում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

Այս առումով Միշելը Եվրոպային առաջարկում է վերանայել իր մոտեցումը տնտեսության նկատմամբ և առաջնահերթություն տալ պաշտպանական խնդիրներին՝ անցնելով «պատերազմի տնտեսության» ռեժիմի։

«Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության համար: Մենք այլևս չենք կարող հույս դնել ուրիշների վրա կամ կախված լինել ԱՄՆ-ում կամ որևէ այլ վայրում ընտրությունների արդյունքներից», - նշում է Շառլ Միշելը՝ հավանաբար, արձագանքելով ԱՄՆ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններին, որը նշել էր, որ ընտրվելու դեպքում չի պաշտպանի ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք պաշտպանությանը չեն ուղղում անհրաժեշտ գումարը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---