19 մարտի 2024 - 18:52 AMT
Նախագահը և ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը շեշտել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայումս առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

Նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի քան 30-ամյա համագործակցության պատմություն ունի: 1994 թվականից արդեն ինստիտուցիոնալ համագործակցություն է ձևավորվել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև, որը հիմնականում նպատակ է ունեցել մեծացնել Հայաստանի դիմակայունությունը և կարողությունները, ինչպես նաև նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Այս ամենն այսօր շատ ավելի արդիական է Հայաստանի համար: Մենք այն երկիրն ենք, որը փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական սկզբունքներով և գաղափարներով:

Այս տարի նշվում է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակը: ՆԱՏՕ-ն, երբ ստեղծվում էր երկու հիմնական գաղափարի շուրջ էր կենտրոնացած: Առաջինը՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը և այն արժեքները, որոնք դավանում են այդ երկրները, իսկ այդ արժեքներն են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Հիմա մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ամեն ինչ անում ենք, առկա մարտահրավերներին դիմակայելու, մեր անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար: Շնորհակալություն մեկ անգամ ևս Ձեր այցելության համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես մեծապես գնահատում են այն, որ հնարավորություն ունեցա հանդիպել Ձեզ հետ:

Ինչպես նշեցիք Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է՝ 30 տարվա գործընկերություն: Այս ժամանակաշրջանում մենք աշխատել ենք որպես սերտ գործընկերներ՝ աջակցելով և օգնելով միմյանց: Մենք մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը՝ ներառյալ հայ զինվորների անձնական ներկայությունը Կոսովոյում: Ես հայ զինվորներին հանդիպել եմ մի քանի անգամ և միշտ տպավորված եմ եղել նրանց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և հանձնառությունով:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեր երկրի վերջին հայտարարության կապակցությամբ՝ Կոսովոյում ձեր ներկայությունն ամրապնդելու առումով: Սա շատ կարևոր է Բալկաններում կայունության ապահովման համար: Մենք այսօր դիտարկում ենք նաև, թե ինչպես կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, թե ինչպես կարող ենք միասին ավելին անել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար պատրաստակամությունը և սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հարցում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը երկրի և ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը տեսնում է միայն խաղաղության, ռազմական ուժի կիրառման բացառման և ժողովրդավարական սկզբունքների հաստատման ուղիով:

«Հայաստանի անկեղծ ցանկությունն է իր բոլոր հարևանների հետ հաստատել բարիդրացիության և գործընկերության սկզբունքների վրա խարսխված հարաբերություններ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, ինչը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը շարունակել ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման: