19 մարտի 2024 - 19:01 AMT
Ստոլտենբերգ․ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և նշել, որ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, «իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»։

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,–ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը:

Նա նաև խոսել է Հարավային Կովկասում կայունության կարևորության մասին։

«Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առաջ: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և ձեր ժողովուրդների տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»,–ասել է Ստոլտենբերգը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ստոլտենբերգը Պուտինի հաղթանակը թույլ չտալու կարևորության մասին խոսել է նաև Ադրբեջան, ուր այցելել էր ՀՀ և Վրաստան այցերից առաջ։

«Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների համար, այլև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,–ասել էր նա։