Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին․ ՀՀ-Իրան հարաբերությունների անշեղ ընթացքը շարունակվում է

Փաշինյանը շնորհավորել է Իրանի ղեկավարներին․ ՀՀ-Իրան հարաբերությունների անշեղ ընթացքը շարունակվում է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի առիթով:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում ասվում է.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի բացառիկ հաջողություններով ու խաղաղությամբ։ Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ փոխադարձ հարգանքի ու շահերի համադրման մթնոլորտում զարգացող Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են իրենց անշեղ ընթացքը:

Լիահույս եմ, որ լիարժեքորեն օգտագործելով մեր երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժը՝ ընթացիկ տարում կհասնենք փոխգործակցության նոր հորիզոնների՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանային կայունության: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արևշատու­թյուն, իսկ Իրանի ժողովրդին՝ հարատև բարօրություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին բնության զարթոնքի և գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության համար լինի անխախտ խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։

Մեր կառավարությունն ու ժողովուրդն առանձնահատուկ կերպով են կարևորում փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված Հայաստան-Իրան հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ ամենակարճ ժամանակահատվածում նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարաբերությունների հարուստ օրակարգին, և կկենսագործվեն ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող բազում ծրագրեր:

Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ, իսկ բարեկամ իրանցիներին՝ խաղաղություն և բարօրություն»։

 Ուշագրավ
---