20 մարտի 2024 - 17:08 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան․ Չենք կարող թույլ տալ, որ Տավուշի, Սյունիքի մեր հայրենակիցները կիսեն արցախցիների ճակատագիրը

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, որտեղ մասնակցում էր արցախցիների կազմակերպած հանրահավաքին, լրագրողների հետ զրույցում, ասել է, որ այս հրապարակում պետք է քննարկել ոչ միայն արցախցիների խնդիրները, այլ նաև Հայաստանի մարզերի։

Հանրահավաքի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս վիճակը, այս ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում», հայտնում է Panorama.am-ը։

Հովհաննիսյանն ասել է, որ հայ ժողովուրդը պետք է միանա, քանի որ «Հայաստանի բոլոր մարզերը, յուրաքանչյուր քաղաք, բնակավայր հարվածի տակ է, վտանգի մեջ է»։

«Ակնհայտ է, որ Փաշինյանն իրացնում է հարևան բռնապետության կամ բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։ Մեր համաքաղաքացիներին սպառնալով պատերազմով՝ դա նշանակում է, որ ինքն ուղղակի կցորդն է, իրականացնողն է թշնամի պետության քաղաքականության»,- ասել է նա։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։