20 մարտի 2024 - 17:27 AMT
Վարչապետ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև քարտեզների վերաբերյալ համաձայնություն չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ սահմանազատման քարտեզների վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև այս պահին որևէ համաձայնություն չկա:

«Կա համաձայնություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Նաև կա ըմբռնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որի համար քաղաքական հիմք պետք է ծառայի նույն Ալմաթիի հռչակագիրը»,- ասել է նա:

Ըստ նրա, դա նշանակում է, որ ոչ թե նոր սահման է գծվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ԽՍՀՄ ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտվում են գետնի վրա:

Փաշինյանը նաև ասել է, որ Տավուշի Ոսկեպար ու Կիրանց գյուղերի բնակիչների հետ հանդիպմանն ինքը խոսել է Ադրբեջանի հրապարակային արտահայտած դիրքորոշման մասին:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։