20 մարտի 2024 - 17:51 AMT
Փաշինյան․ Պետք է առաջնորդվել ինչը մերն է` մերն է, ինչը մերը չէ` մերը չէ տրամաբանությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներկայացնելով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից ստացած տպավորությունները, ասել է, որ հանդիպումները շատ կարևոր էին և այն բոլոր մտահոգությունները, որ ունեն և Ոսկեպարի, և Կիրանցի, և հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են։

Նա նաև ասել է, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ պետք է առաջնորդվել ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, մերը չէ տրամաբանությամբ, հայտնում է Արմենպրեսը։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը պայմանավորվել է, պետք է ենթարկվի սահմանազատման, ապա և սահմանագծման: Ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, մերը չէ: Այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվել: Եվ սա ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ հարյուրավոր անգամներ անցել է Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս ճանապարհով, բայց վերջին այցի ընթացքում նկատել է, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, որը միջպետական ճանապարհ է, ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն չկա: Փաշինյանը ծանոթացել է ընդդիմադիր որոշ գործընկերների մեկնաբանություններին և տպավորությոն է ստացել՝ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է եղել, և այս իշխանությունը եկել, ցանկանում է վատացնել: Փաշինյանը հարցրել է՝ Կիրանցից մինչև Բաղանիս՝ միջպետական ճանապարհին ինչո՞ւ ոչ մի խանութ, ռեստորան, հյուրատուն չկա:

«Դա կարող է մի բացատրություն ունենալ, որ այն խնդիրը, որ այսօր քննարկում ենք, այդ մարդիկ գիտեն՝ անկախ նրանից, թե ով է դրա մասին բարձր խոսում և ով բարձր չի խոսում: Միշտ իմացել են և գիտեն: Ընդ որում ՝այս հատվածով բանավեճ չկար: Բանավեճն ուրիշ բանի շուրջ էր, թե հաջորդ քայլերն ինչ տրամաբանությամբ պետք է իրագործել: Իմ արձագանքն էլ եղել է՝ մենք ձեզ լսեցինք և ամեն ինչ կանենք, որ հենց ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդվենք, բայց պետք է նաև իմանանք, որ դա միայն մեր որոշումով չէ, հակառակ դեպքում հենց հիմա այդ որոշումը ես կկայացնեի»,-ասել է նա:

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։