20 մարտի 2024 - 17:52 AMT
Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին․ Դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Տավուշի 4 գյուղն իրեն հանձնելու Ադրբեջանի պահանջին, ասել է, որ Հայաստանն անընդհատ զիջում է և ոչինչ չի ստանում։

«Այստեղ մենք զիջում ենք մեր դիրքը, մեր մարտավարական դիրքը, նախ և առաջ թուլացնում ենք մեր պաշտպանական դիրքը և հասկանալի չէ, թե դրա դիմաց ինչ ենք ստանում, այսինքը հասկանալի է՝ ոչինչ չենք ստանում։

Այս ամեն ինչի ֆոնին, որ գնում եք ու մարդկանց ահաբեկում եք, և ցավալիորեն այնպես է ստացվել, որ «պատերազմ» հասկացությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ։ Հիմա այս ամեն ինչից հետո ինձ մոտ ուղղակի հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,-հարցրել է Քոչարյանը, գրում է Panorama.am-ը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մենք ստանում ենք պետական սահման»։

Նա նշել է, որ նախկինում էլ ասել է, որ այդ անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում։ Փաշինյանը ցույց է տվել նախկինում ցուցադրած ՀՀ-ի մակետը և ասել, որ ինքը ՀՀ վարչապետն է։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երեւանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։