ՀՀ և Բելգիայի վարչապետերն անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

ՀՀ և Բելգիայի վարչապետերն անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը

PanARMENIAN.Net - Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:

Փաշինյանը Բրյուսելում է աշխատանքային այցով: Նա մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

 Ուշագրավ
---