Փաշինյանը՝ Բրյուսելում․ Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է![]() 21 մարտի 2024 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մեկնարկած առաջին միջուկային էներգիայի գագաթնաժողովում իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես միջուկային էներգիայի արտադրությանն ապավինող պետություն, ամուր կանգնած է այն կոնսենսուսի հետևում, որ միջուկային էներգիան անփոխարինելի է կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Նա նաև ասել է, որ միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, հայտնում է Արմենպրեսը։ «Հայաստանը ճանաչում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բոլոր մասնակից պետությունների անօտարելի իրավունքը՝ զարգացնել այն խաղաղ նպատակներով՝ առանց խտրականության և քաղաքական խոչընդոտների», - ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտությամբ է միացել COP28-ում ընդունված պատմական որոշմանը, որը ցածր ածխածնային էներգիայի այլ աղբյուրների հետ մեկտեղ միջուկային էներգիան ճանաչեց որպես կլիմայի փոփոխության լուծումներից մեկը: «Միջուկային էներգիան մեր ռազմավարության անկյունաքարն է, որն ապահովում է ինչպես մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմացումը: Մենք ողջունում ենք գլխավոր տնօրեն Գրոսիի ջանքերը՝ միջուկային էներգիան կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված բարձր մակարդակի քննարկումների առաջին պլան հանելու համար», - իր ելույթում հավելել է Փաշինյանը։ Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի համար միջուկային էներգիան կարևոր դեր է խաղում և օգնում է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրագործմանը։ «Հայաստանը, հիմնվելով նման փորձի և սահմանված առաջնահերթությունների վրա, որոշել է երկարացնել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը: 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Մենք պարտավորվում ենք ժամանակին և համարժեք միջոցառումներ իրականացնել՝ կապված կառավարման և անվտանգության պատշաճ բարելավման հետ՝ գործընկեր պետությունների հետ համագործակցությամբ և Գործակալության ուղղորդմամբ: Այս երկարաձգումը ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար ՀԱԷԿ-ի երկարացված շահագործման ժամկետի ավարտից հետո, ինչը մեր վերջնական նպատակն է։ Այս առումով Հայաստանը հանձնառու է ինչպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, այնպես էլ գործընկեր երկրների հետ սերտ համագործակցության խթանմանը և փորձի կիրառմանը՝ ներկայիս էներգաբլոկի փոխարինման օպտիմալ լուծումը գտնելու համար», - ասել է վարչապետ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման Հայաստանի թափանցիկ և բաց քաղաքականությունը կշարունակի առաջնորդել երկրի ջանքերը։ Գագաթնաժողովը տեղի է ունենում Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Քրուի և միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի համանախագահությամբ և համաշխարհային առաջնորդների մասնակցությամբ։ Գագաթնաժողովին մասնակցող երկրների և կառավարությունների ղեկավարներն հնարավորություն կունենան կիսվել իրենց տեսլականով միջուկային էներգիայի առանցքային դերի վերաբերյալ և կայուն զարգացման խթանման, ներառյալ դրա ներուժն ամբողջությամբ օգտագործելու ազգային ծրագրերով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |