ՀՀ-ն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները

ՀՀ-ն ու Վրաստանը քննարկել են սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետո հանդիպումից հետո հայտարարության ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով։ Նա վստահություն է հայտնել, որ Կոբախիձեն իր հոգատար հետևողականությամբ լուրջ ներդրում կունենա Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների խորացման գործում, գրում է Արմենպրեսը։

Հունվարին Թբիլիսում Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում երկու երկրների միջև ստորագրվել էր Ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը։ Ըստ Փաշինյանի՝ այն հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Եվ այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն երկու երկրների երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանում կայունության և փոխշահավետ համագործակցության ապահովելու տեսանկյունից։

Կոբախիձեն Հայաստանում է պաշտոնական այցով։ Նրա գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---