25 մարտի 2024 - 18:42 AMT
ՆԳՆ ղեկավարը՝ ՃՏՊ–ների մասին․ Նաև ճանապարհների որակից է՝ փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատասխանելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, որ պատահարների ահագնացող թվերը ոնց որ թե սկսել են դառնալ ազգային անվտանգության հարց, ասել է, որ 2024–ը հայտարարվել է ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ պայքարի տարի։

«Նաև ճանապարհների որակից է կախված, որ սկսել են այս դեպքերը, այսինքն՝ փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս։ Շատ ենք վերլուծել»,- ասել է Ղազարյանը, գրում է «Առավոտը»։

Ղազարյանը նշել է, որ 2023 թվականի այս ժամանակահատվածի հետ համեմատած 2024–ին ունենք նվազում և ՃՏՊ-ների հետ կապված, և մահվան ելքերի և վիրավորների թվի։

«54 դեպքով ունենք ՃՏՊ-ների նվազում, 6-ով նվազել են մահվան դեպքերը և 110-ով՝ վիրավորների թիվը։ Եվ այս թիվը նաև բավական լավ է վերջին 10 տարվա համեմատ։

Ես համամիտ եմ ձեզ հետ, որ մեր այսօրվա վարորդները չունեն քշելու տակտ։ Այս վերջին դեպքը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ՝ Երևան-Սևան մայրուղու վրա, նման դեպք ես չէի տեսել։ Հանդիպակաց գոտուց թռել էր մյուս գոտի։ Ահավոր էր, իհարկե, կապված էր արագության հետ»,–ասել է նա։

Ղազարյանը խոսել է նաև նոր ծրագրի մասին, որը կառավարությունը հավանության է արժանացրել։ Նախատեսվում է, որ այս տարի բոլոր մայրուղիներում կտեղադրեն ժամանակակից տեսախցիկներ, կգործարկվի նոր համակարգ։

Ըստ նրա՝ ուսումնասիրել են եվրոպական երկրների փորձը, որը կներդրվի Հայաստանում։ Բացի դա, ըստ ՆԳ նախարարի, Երևան քաղաքում կթարմացվեն տեսախցիկները, նաև քաղաքի մուտքերն ու ելքերը կվերահսկվեն։