25 մարտի 2024 - 19:11 AMT
ԱԳ փոխնախարար․ Հայկական կողմն էլ է դիրքորոշումը հայտնել՝ 31 գյուղի տարածքը ևս քննարկման շրջանակում են

ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, անդրադառնալով հարցին, թե Տավուշի գյուղերի հետ կապված ինչ որոշում է կայացրել իշխանությունը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին քննարկումները շարունակվում են։

Այն դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ այդ 4 գյուղերի տարածքները պետք է անհապաղ ազատել, մինչ սահմանազատում իրականացնելը, Մնացականյանը պատասխանել է․«Հայկական կողմն էլ է դիրքորոշումը հայտնել, և 31 գյուղերի կենսական տարածքները նույնպես այս քննարկման շրջանակներում են», գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ քննարկումները հիմա հանձնաժողովների աշխատանքների շրջանակներում շարունակվում են:

«Նրանք աշխատում են մեր նշած հիմքերի հիման վրա, որը հանրայնացվել է: Խոսքը Ալմաթիի հռչակագրի և խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող սահմանի մասին է: Ալմաթիի հռչակագիրը հիմք է, քարտեզները, ինչպես նշել էինք, խորհրդային շրջանում գոյություն ունեցող ամենաթարմ քարտեզներն են: Մենք դրա հետ կապված հայտարարություններ արդեն արել ենք»,-ասել է նա։

Այն հարցին, թե ինչո՞ւ որոշվեց սահմանազատումը սկսել հենց Տավուշից, փոխնախարարը պատասխանել է. «Դրա վերաբերյալ քննարկումները նույնպես շարունակվում են: Պետք է այդ քննարկումների ամփոփմանը և վերջնական եզրահանգումներին սպասենք, դրանից հետո պաշտոնական տեղեկություն կլինի»:

Իսկ թե ինչո՞ւ սահմանազատման գործընթացը չի սկսվում Ջերմուկից, Գեղարքունիքից կամ Սյունիքից, որտեղ մեր տարածքները բռնազավթված են, ԱԳ փոխնախարարն ասել է. «Քանի որ սահմանազատման աշխատանքները մտնում են գործնական փուլ, կատարվում են որոշակի ուսումնասիրություններ, և այդ քննարկումների ավարտի ժամանակ կհանրայնացնենք այդ աշխատանքները»:

Նա ընդգծել է, որ Հայաստանը իր սուվերեն տարածքի բռնազավթման հետ կապված բազմիցս հանդես է եկել հայտարարություններով։

«Սահմանազատման աշխատանքների այն մասը, որի վերաբերյալ կան որոշակի պայմանավորվածություններ, արդեն հանրայնացվել է, արվել են պաշտոնական հայտարարություններ: Այս փուլում հավելյալ տեղեկատվություն ես չունեմ»,–ասել է նա։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։