«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» Հայաստանը ներկայացրել է միջազգային փառատոնին

«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» Հայաստանը ներկայացրել է միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» մարտի 13-16-ը Սոչիի «Ռոզա Խուտոր» լեռնադահուկային համալիրում մասնակցել է «Եվրասիայի լեռնային հանգստավայրերի փառատոնին», որն անցկացվում էր Լեռնային հանգստավայրերի եվրասիական Միության (EAMC) նախաձեռնությամբ:

Փառատոնի նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին և փորձագետներին՝ քննարկելու կայուն զբոսաշրջության զարգացման, լեռնադահուկային հանգստավայրերի ենթակառուցվածքների նախագծման ու զարգացման արդի մոտեցումները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, մասնավոր-համայնք և հանգստավայրերի միջև համագործակցության ամրապնդման գործիքակազմը։

«Հայաստանը ներկայացնում էր «Մայլեռ Մաունթին Ռեզորթը»։ Մեզ համար պատիվ և պատասխանատվություն է տարածաշրջանի առաջատար հանգստավայրերի կողքին ներկայացնել Հայաստանը՝ մեր երազանքի նախագծով։ Մենք ևս մեկ անգամ միջազգային հարթակում պատմում ենք մեր մասին, Հայաստանը դիրքավորում զբոսաշրջային գրավիչ ու ցանկալի ուղղություն թե՛ լեռնադահուկային և թե՛ պարզապես ակտիվ հանգստի սիրահարների համար։

Փառատոնը նաև լավ հնարավորություն էր փորձի և գիտելիքների փոխանակման, գործընկերային կապերի հաստատման, նոր ու բացառիկ համագործակցությունների համար»,- նշել է «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը։

«Մայլեռի» ներկայացուցիչները նաև փաստել են՝ բոլոր մասնակիցները տպավորված են եղել «Մայլեռի»՝ կարճ ժամանակում գրանցած հաջողություններից ու հնարավորություններից։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լեռնային օլիմպիական ավանի Դրոշների ծառուղում, որի ընթացքում տարբեր երկրների լեռնադահուկային համալիրների մարզչական պատվիրակությունները հանդես են եկել դահուկասահքի ներկայացուցչական ելույթներով։ «Մայլեռի» մարզիչ-հրահանգիչների ելույթը, որն ուղեկցվել է Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, փառատոնի կազմակերպիչների կողմից արժանացել է հատուկ ուշադրության և հիացմունքի։

«Մայլեռ Մաունթին Ռեզորթի» գլխավոր տնօրեն Մհեր Բաղդասարյանն ասել է. «Մենք հրավիրված էինք ներկայացնելու մեր ընդհանուր նախագիծը, արդեն կատարված, ընթացիկ ու առաջիկա աշխատանքները։ Փառատոնին առաջին անգամ էինք մասնակցում, ներկայացված էինք որպես հյուր՝ ծանոթություններ ձեռք բերելու և փորձի փոխանակման համար։ Բայց փառատոնի ավարտին կազմակերպիչների կողմից միանգամից հրավեր ստացանք անդամակցելու Լեռնային հանգստավայրերի եվրասիական միությանը (EAMC)»։

«Ռոզա Խուտորի» Միջազգային հարաբերությունների և զբոսաշրջության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Խվորոստյանիի խոսքով՝ «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» մասնակցությունը փառատոնի ամենավառ իրադարձություններից մեկն էր։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեցան վիրտուալ ճանապարհորդություն ունենալ «Մայլեռում», ծանոթանալ ենթակառուցվածքներին ու զարգացման ծրագրերին։

«Մայլեռի» ղեկավար կազմը բոլոր քննարկումներին և գործանական ֆորումներին բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացվածություն է ունեցել, «Մայլեռի» հրահանգիչները վարպետորեն հանդես եկան վայրէջքների ցուցադրությամբ։ Եվ, իհարկե, բոլոր հյուրերը բարձր գնահատեցին հայկական խոհանոցի և մշակույթի յուրահատուկ մատուցումը «Մայլեռի» թիմի կողմից։ Ուրախ ենք «Մայլեռի» հետ ծանոթության համար, հուսով եմ, որ համագործակցության հնարավորություններ կունենանք ինչպես «Ռոզա Խուտորի» հետ, այնպես էլ ընդհանուր Միության շրջանակում»,– նշել է նա։

4-օրյա փառատոնի շրջանակում նախատեսված էին տարբեր միջոցառումներ՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքներում զբոսաշրջության կայուն զարգացում» թեմայով բիզնես ֆորում, «Լեռնային զբոսաշրջության համատեղ զարգացումը Եվրասիական երկրներում» թեմայով կլոր սեղան քննարկում, շնորհանդեսներ, մասնագիտական քննարկումներ, մաստեր-կլասեր, ինչպես նաև մշակութային և կրթական թեմատիկ միջոցառումներ։ «Ազգային մշակույթի օրեր» միջոցառման ընթացքում «Մայլեռը» հանդես է եկել յուրահատուկ տաղավարով` ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակույթն ու խոհարարական ավանդույթները։

Մասնակիցները նաև պայմանավորվածություններ են ձեռք բերել հետագայում այցեր կազմակերպելու և լեռնադահուկային համալիրներին տեղում ծանոթանալու համար։

«Մայլեռ» լեռնադահուկային համալիրը գտնվում է Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի շրջակայքում, որը լեռնային Հայաստանի ամենաչքնաղ ու գեղատեսիլ վայրերից մեկն է։ «Մայլեռն» իր մասշտաբներով և տեսակով աննախադեպ է Հայաստանում։ Այն ներդրումային ծրագիր է, որը հավակնում է լեռնադահուկային հանգստավայրերի ոլորտում դառնալ առաջատար ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ «Մայլեռը» լեռնադահուկային մեծ քաղաք-ավան է լինելու՝ տարբեր թաղամասերով, հանգստի և ժամանցի գոտիներով, հյուրանոցներով, ռեստորաններով և այլ ենթակառուցվածքներով։ Ապագա քաղաք-ավանում հանգիստ ու ժամանց կապահովվի տարվա բոլոր եղանակներին: Նախագիծը կնպաստի մեր երկրում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---