Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն

Արծվաշենցիները փոխհատուցման պահանջով դիմել են կառավարություն

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում ապրող Արծվաշենի 600 բնակիչ ստորագրահավաք է կազմակերպել և փոխհատուցման պահանջով դիմել կառավարություն։

Արծվաշենցիները Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ոչ միայն ցանկանում են Արծվաշենում թողած սեփականության փոխհատուցման պատասխանը ստանալ, այլև իմանալ, թե անկալվների հարցի շուրջ համաձայնության դեպքում ինչ է սպասվում իրենց գյուղին, հայտնում է Factor.am-ը։

Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն ակնկալում է, որ անկալվների փոխանակման դեպքում գյուղը դարձյալ հայկական վերահսկողության տակ հայտնվի։ Համայնքի ղեկավարի կարծիքով՝ 1992 թվականին օկուպացված Արծվաշենի վերադարձն իրատեսական է։

«Իրենք այնտեղ ոչ մի շինարարություն չեն արել. ադրբեջանցիները զգուշավորություն են ցուցաբերում նման հարցերում։ Եթե նրանք կադաստրի վկայական չունենան, ոչինչ չեն կառուցում։ Google որոնողական համակարգում էլ, որ մեր գյուղի մասին տեղեկություն ես փնտրում, գրվում է՝ ՀՀ, գ․ Արծվաշեն։ Գյուղը դե ֆակտո է իրենցը, դե յուրե՝ մեր երկրինն է»,- ասել է նա։

Արծվաշենցիների մոտ 70 տոկոսն այսօր հաստատվել է Ճամբարակ քաղաքում և հարակից բնակավայրերում, 90-ականներին որոշում է ընդունվել պահպանել Արծվաշեն համայնքի կարգավիճակը։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---