Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ-ին կոչ է արվել էապես աջակցել ՀՀ-ին

Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ-ին կոչ է արվել էապես աջակցել ՀՀ-ին

PanARMENIAN.Net - Դանիայի նախկին վարչապետ և ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետեր, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ այժմ պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին, գրում է Արմենպրեսը։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպական Միությունը նախկինում դժկամությամբ է վերաբերվել անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանն այն պատճառով, որ կազմակերպությունը միջնորդական դեր պահպանելու ցանկություն է ունեցել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությունը ցույց է տվել, որ Բաքուն այդքան էլ շահագրգռված չէ խնդիրների՝ բանակցային կարգավորմամբ: Ընդհակառակը, Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը միայն ամրապնդել է այն միտքը, որ նա կրկին կարող է դիմել ռազմական տարբերակի, ուստի ԵՄ-ն պետք է վերակողմնորոշի իր ներգրավվածությունը տարածաշրջանում, որպեսզի միջնորդելու փոխարեն փորձի ուժեղացնել Հայաստանի դիմադրողականությունը՝ կանխելու մեկ ուրիշ պատերազմ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա ուժեղացնել Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։

Համահեղինակներն ընդգծում են, որ ԵՄ-ն պետք է Հայաստանին առաջարկի աստիճանական, բայց որոշակի ճանապարհային քարտեզ՝ դեպի ընդլայնված հարաբերություններ: Սա ներառում է Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը։ Նման առաջարկը պետք է պաշտպանված լինի իրական, բովանդակային աջակցությամբ։

Ներկայացված զեկույցում նշվում է, որ Հայաստանը հայտնվել է անվտանգության խիստ անկայուն միջավայրում՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիք ներկայացնել և ազդանշան է տալիս, որ Հայաստանի դեմ հարձակման է պատրաստվում։

Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։

Խոսքը վերաբերում է ինչպես համատեղ վարժանքներին ու զորավարժություններին, այնպես էլ եվրոպական երկրների հետ ռազմական հարաբերությունների սերտացմանը։ Այս քայլով Եվրոպական Միությունը նաև կարևոր ազդակ կուղարկի Բաքվին և Անկարային։ Այս համատեքստում զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաև ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։

Անդրադառնալով նաև Հայաստանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հեղինակները նշում են, որ այն քիչ արժեք ունի Հայաստանի համար անվտանգության առումով, քանի որ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումներից հետո աչքի չի ընկել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունների կատարմամբ, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն փաստացի սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը՝ փորձելով դիվերսիֆիկացնել իր անվտանգության մեխանիզմները։

Բացի այս, զեկույցում ասվում է, որ Հայաստանի համար կարևոր դեր կարող է ունենալ Թուրքիայի հետ զուսպ և ուղիղ երկխոսությունն ու հարաբերությունների կարգավորումը և հայ-թուրքական սահմանի բացումը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---