Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր

Շահրամանյանը՝ Le Figaro–ին․ Գիտեի՝ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց մարդկանց փրկելու միակ միջոցն էր

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում, անդրադանալով 2023-ի սեպտեմբերի 28-ի իր հրամանագրին Արցախի Հանրապետությոնը լուծարելու մասին, ասել է, որ հասկանում էր, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր։

«Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,-ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որ հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեզմանները։

Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա, Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին ու խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։

Անդրադառնալով խոսակցություններին, թե կա՞պ կա Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև՝ Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում․

«Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար 9 ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել»,- ասել է նա:

Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․

«Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»,–ասել է նա։

Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․«Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---