Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի

Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպմանը ներկայացվել է նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։

Նշվել է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, ովքեր դեռևս ձեռք բերած չեն լինի տուն, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն, հայտնում է Արարատի մարզպետարանը։

Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ՝ կախված բնակավայրից։ Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։

Այնուհետև ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 1 կամ ավել անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---