Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու հրամանը

Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրենին աշխատանքից ազատելու հրամանը

PanARMENIAN.Net - Դատարանն անվավեր է ճանաչել Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից ազատելու ԿԳՄՍ նախարարի հրամանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Եղիազարյանը:

«Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով«–գրել է նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 27-ին լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրն՝ առանց իր թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։

ԿԳՄՍ-ն պարզաբանել էր, թե նախարարը չէր հաստատել Եղիազարյանի՝ թումանյանական թեմայով Լատինական Ամերիկայում գիտաժողովների մասնակցելու թույլտվության խնդրանքը։ Իսկ նա երկրորդ անգամ դիմելուց հետո չի սպասել նախարարության պատասխանին և առանց հրամանի ու թույլտվության ինքնակամ մեկնել է երկրից։ Թանգարանում տարբեր պաշտոններում 14 տարի աշխատած Եղիազարյանն ընդունել է՝ եղել է օրենքի խախտում, բայց դրան ոչ նախորդել և ոչ էլ հաջորդել է որևէ նկատողություն, կարգապահական տույժ, միանգամից աշխատանքից հեռացրել են:

Ավելի վաղ Եղիազարյանն իր ազատման պատառճի մասին ասել էր, եղել է Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցի շրջանակում տարեկան նախանշված ծրագիր արտասահմանյան ուղևորություն, որը նաև ունեցել է հրավիրող կողմեր, ամբողջ ծախսային մասն իրենց կողմից է նախանշված եղել։ «Դա եղել է նախարարության կողմից հաստատված տարեկան նախագծի շրջանակներում։ Բայց նախարարության որոշակի օղակների անգործության, անփութության, թե միտումնավորության, ես մինչև հիմա չեմ կարողանում դա հասկանալ, ինչու է այդպես եղել, գործընթացը պատշաճ իրենց կողմից չի կազմակերպվել, ես երկրից մեկնել եմ հարկադրված առանց իրենց փաստաթուղթը ստանալու»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---